27
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

album picture
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն էր: Օտար լծի, անխնա շահագործման, ազգային ու կրոնական խտրականության, բռնությունների, ջարդերի եւ վերջապես ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդն այսպիսով ստանձնում էր պատասխանատվություն. պատասխանատվություն սեփական ճակատագրի հանդեպ: Ստանձնում էր պատասխանատվություն աշխարհի եւ պատմության առաջ: Դա մի պահ էր, երբ շատերին թվում էր, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն այլեւս երբեք ուշքի չեն գալու հասցված ծանր հարվածներից: Բայց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակից հերոսական ճիգով կրկին վեր էր հառնելու մի նոր` վերապրած ժողովուրդ եւ նորակերտ երկիր: 1918 թվականի մայիսյան հաղթանակներն արդեն խոսուն վկայություններ էին մեր ժողովրդի ոգու ամրության, ազատ ապրելու անկոտրում կամքի եւ հայոց գալիքի հանդեպ անսահման հավատի: Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության մեջ ազգային անվերապահ միասնության ամենավառ օրինակներից են եւ, համոզված եմ, դեռ ներշնչելու են բազմաթիվ սերունդների, ինչպես մեր սերնդին` Արցախյան ազատամարտում:

Յուրաքանչյուր ազգի կազմակերպվածության բարձրագույն ձեւը պետականությունն է: Սա տեսականորեն գիտեին բոլորը, բայց այդ տեսությունը պետք է միս ու արյուն ստանար հայ ժողովրդի լավագույն զավակների աշխատանքով ու քրտինքով, համոզմունքով ու գիտելիքով, անմնացորդ նվիրումով ու նաեւ կյանքով: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հաջողվեց եւ ինչ չհաջողվեց երկուս ու կես տարի գոյատեւած Հայաստանի Հանրապետությանը, մի բան հստակ է. նա դարձավ խարիսխը ներկա Հայաստանի, որի քաղաքացին լինելու պատիվն ունենք մենք:

Ներկա Հայաստանը ժառանգորդն է հազարամյակների մշակութային ու քաղաքակրթական նվաճումների, որ արարել ու մեզ են կտակել մեր նախնիները: Բայց նա նաեւ 21-րդ դարի երկիր է, որն այսօր դիմագրավում է արդիական մարտահրավերների եւ իր քաղաքական ուղեգիծը մշակում է` հայացքն ապագային հառած: Այդ ապագայում մենք տեսնում ենք Հայաստանը որպես պաշտպանված ու ապահով երկիր, որպես քաղաքական ազատությունների երկիր, որպես տնտեսական վերելք ապրող երկիր, որպես գիտակրթական միջազգային մակարդակ ունեցող երկիր, որպես երկիր, որ ապրում է խաղաղ ու կայուն տարածաշրջանում: Այս խոսքերն այսօր կարող են երազանքի նման հնչել, բայց չհավատալ եւ քայլեր չձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ, նշանակում է չհավատալ բարու եւ արդարության հաղթանակին, չհավատալ հայ ժողովրդի հավերժությանը:

Ես մեծ ցանկություն ունեմ, որ այս տոնական օրը մենք ո՛չ միայն երախտագիտությամբ գլուխ խոնարհենք Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների հիշատակի առաջ, ո՛չ միայն հպարտանանք առաջին հանրապետությունը կերտողների սխրանքներով, այլեւ մտածենք, թե մենք ինքներս վաղն ինչ արժանի գործերով ենք ներկայանալու հաջորդ սերունդների դատին:

Մայիսի 28-ը ապացույց է այն իրողության, որ մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն: Ցավոք, մենք միշտ չէ, որ դրսեւորում ենք այս որակները:

1918-1920 թվականները մեր ազգի վերածննդի, նրա ստեղծագործ ուժերի եւ կարողությունների պոռթկման, ազատ ու անկախ ապրելու իրավունքի իրացման տարիներ էին մեր ժողովրդի համար: Մանուկ հանրապետությունը կործանվեց, բայց իր գոյությամբ եւ իր վախճանով հասցրեց լուրջ պատգամներ հղել հայոց բոլոր ապագա սերունդներին: Հայաստանի Հանրապետության կարճատեւ պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրեւ չարիք: Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը շատ եռանդ ու ջանք էր գործադրում, որպեսզի արգելակի հայ հասարակության պառակտումը գաղափարական կամ դասակարգային հողի վրա: Բայց, ցավոք, դա չհաջողվեց: Քենի, ոխակալության եւ անհամերաշխության սերմերը տվեցին իրենց դառը պտուղները:

Լա՞վ ենք , արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ ո՛չ, ցավոք, ո՛չ: Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուժողականությունը, տիրապետում են կրքերը:

Ինչ-որ պահի պետք է կանգ առնել:

Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից:

Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեծ տոն է: Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղ երկինք, երջանկություն, հաջողություն ու նոր ձեռքբերումներ` ի փառս մեր հայրենիքի եւ հանուն մեր ժողովրդի:

← Վերադառնալ