22
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին

Ծննդյան 85-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին:

Ուղերձում ասված է.

"Սիրելի՛ Շառլ,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին` Ձեր նախնիների հայրենիքում: Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր:

Տասնամյակներ շարունակ Ձեր մասին հնչել են եւ շարունակում են հնչել գովեստի խոսքեր, Ձեր բացառիկ ստեղծագործություններն ուղեկցվում են հիացմունքի ծափերով: Դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ: Ակնհայտ է, որ Ձեր երաժշտությունը, երգը եւ ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում:

Մեզ համար պատիվ է, որ Ձեր մեծ հեղինակությունն ի սպաս եք դրել նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական շահերին` ստանձնելով Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը: Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով եւ ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ. եռանդ, որը Դուք ողջ կյանքում ծառայեցրել եք բարուն, գեղեցիկին ու Ձեր երկու հայրենիքներին` Ֆրանսիային եւ Հայաստանին":

← Վերադառնալ