01
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու եւ մեծարելու արարումն ու աշխատանքը:

Այսօր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածում է ե՛ւ գործատուներին, ե՛ւ աշխատավորներին, բայց, ինչպես ողջ աշխահում, այնպես էլ մեր երկրում, ճգնաժամի հետեւանքների ծանր բեռը կրում են հենց աշխատավորները: Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են սա, գիտակցում են, որ ներկա խնդիրների լուծումները պետք է խարսխվեն աշխատավորների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ պետության կողմից տրված սոցիալական երաշխիքների հենքին: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժանապատիվ աշխատանքի եւ արժանապատիվ վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ի հեճուկս ցանկացած դժվարության` հայ աշխատավորը միշտ էլ հաջողությամբ շարունակել է ստեղծելու, հայրենիքը շենացնելու իր նվիրական գործը: Շարունակում է նաեւ այսօր:

Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության եւ մեր երկրի զարգացման:

← Վերադառնալ