07
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ Գեղեցկության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ Գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

"Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ Գեղեցկության տոնի կապակցությամբ:

Հնագույն ժամանակներից մայրությունը սրբացվել է, եւ մարդկության վերաբերմուքը մոր հանդեպ եղել եւ մնում է ակնածանքով եւ պաշտամունքով լի: Այսօր մենք օգտագործում ենք առիթը եւս մեկ անգամ արտահայտելու մեր սերն ու լավագույն զգացումները մեր մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի` բոլորի նկատմամբ, ովքեր վայելել են մայրության բերկրանքը եւ նրանց, ովքեր դեռ նոր պիտի երջանկանան` իրականություն դարձնելով կնոջ բարձրագույն առաքելությունը:

Հայաստանի իշխանությունները, որտեղ տղամարդիկ, գուցեեւ անարդարացիորեն, մեծամասնություն են կազմում, իրենց պարտքն են համարում ամեն կերպ պետականորեն հոգ տանել կանանց մասին, անել հնարավորը թեթեւացնելու կանանց ու մայրերի հոգսերը: Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շրջանակներում արդեն արձանագրվել են հաջողություններ. մենք հետեւողական ենք լինելու հնարավոր բոլոր չարաշահումների դեմ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվող ծննդյան միանվագ նպաստի չափերը մեր երկրում միայն ավելանալու են:

Սիրելի կանայք,

Համոզված եղեք, որ մեր ուշադրությունն ու հոգատարությունը ձեր հանդեպ անպակաս են լինելու:

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, ամուր ընտանիքներ, արժանավոր զավակներ եւ անսահման կանացի հմայք":

← Վերադառնալ