28
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

90 տարի առաջ, այս օրն իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը` վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Այն կայացավ մեր դարավոր պայքարի, մեր ազգի խիզախ զավակների մաքառման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում ցուցաբերած սխրանքի շնորհիվ:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը, թե Մայր հայրենիքում, թե սփյուռքում, հիշում է այն հայորդիներին, ովքեր հաղթելով ռազմական գերակշռություն ունեցող թշնամուն, մեր ժողովրդին պարգեւեցին երկար սպասված անկախությունը, իրենց խիզախությամբ աշխարհի քաղաքական քարտեզին կրկին ամրագրեցին Հայաստան անունը: Անկախությունը երբեք հեշտ չի տրվում, հաղթանակները չեն ընկնում` որպես երկնային պարգեւ: Ժողովուրդները դրանք վաստակում են մեծ զոհողությունների գնով, երբ անկախության ու ազատության պահանջը նրանց հանում է կենաց ու մահու պայքարի:

Հայաստանի առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիները խտացրին թե ոգեւորություն եւ թե վիշտ, ձեռքբերումներ եւ ցավալի կորուստներ, մեր հավաքական հիշողության մեջ դրոշմեցին պատմության միշտ արդիական երեք դասերը.

Առաջինն ազգային միասնության կարեւորությունն է: Ինը տասնամյակ առաջ ծնունդ առած մեր պետականությունը ազգային միասնական կամքի արդյունքն էր: Միասնականություն, որի բացակայությունը դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության քայքայման հիմնական պատճառներից մեկը: Այսօր մենք չունենք միասնական չլինելու իրավունքը: Առավել քան երբեւէ պետք է պահպանենք ու վառ պահենք 1918-ի միասնության ոգին:

Երկրորդը պետականության անփոխարինելիության գիտակցումն է: Չկա որեւէ մի կառույց, որ մեզ համար կարողանա փոխարինել պետությանը, որեւէ գաղափարախոսություն, որ վեր լինի պետական շահից: Եթե թուլանում է մեր երկիրը, մեզանից ոչ ոք չի ուժեղանում, մեզանից եւ ոչ մեկը չի շահում: Կորցնում ենք բոլորս:

Երրորդը սեփական ուժերով մարտահրավերներին դիմակայելու վստահությունն է: Ոչ ոք մեր փոխարեն չի կարող լուծել մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները, ոչ ոք չի կարող մեզ պաշտպանել, զարգացնել մեր տնտեսությունը, ամրապնդել ժողովրդավարությունն ու Հայաստանը դարձնել առաջադեմ պետություն: Այդ ամենը պետք է անենք ինքներս: Գործենք ոչ թե այլոց զարմացնելու կամ հաճոյանալու, այլ` մեզ համար: Պատմությունն ապացուցել է, որ ոչ ոք ավելի շահագրգռված չէ Հայաստանի հետագա վերելքով, քան մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս:

Այսօր մուտք ենք գործում նոր փոփոխությունների ժամանակաշրջան եւ գալիք տարիները մեր պետության պատմության մեջ դառնալու են իրապես լուրջ կարեւորություն ունեցող փուլ: Մեզ վիճակված է ամրապնդել մեր երկրին ու բարենորոգել մեր կյանքը, ունենալ շարունակական զարգացում, որը կանդրադառնա հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներին` քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու գիտության բնագավառներին: Համոզված եմ, որ արդյունքները երկար սպասել չեն տալու, դրանք բոլորի համար շոշափելի են լինելու տեսանելի հեռանկարում:

Մեր երկիրն ունենալու է փայլուն ապագա,սակայն միայն իշխանությունը չի կարող լինել վաղվա օրվա կերտման միակ պատասխանատուն: Այդ գործում մեր ժողովրդի ամեն մի զավակ անելիք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է, մեր ժողովրդին ծառայելը` վեհ առաքելություն:

Այս տոնական օրը մաղթում են ձեզ հաջողություններ եւ բարձր տրամադրություն:

← Վերադառնալ