16
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ոստիկանության օրվա առթիվ

«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ հասարակական կարգի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ: Ընդհանուր առմամբ նա կատարել է իր կարեւոր առաքելությունը: Այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին համապատասխանեցնելու և կոռուպցիոն երևույթները վերացնելու ուղղություններով:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները բարելավելու են ոստիկանության աշխատողների սոցիալական վիճակը, ներառյալ՝ աշխատավարձերի բարձրացումը, քայլեր են ձեռնարկվելու աշխատանքային պայմանները, այդ թվում՝ տեխնիկական վերազինումը արդիականացնելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկնում է Հայաստանում ներքին գործերի մարմինների ձեւավորման 90-րդ տարեդարձի հետ: Ես հատուկ ցանկանում եմ շնորհավորել ներքին գործերի բոլոր վետերաններին:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն:

Հայաստանի համակողմանի եւ արագ զարգացումը մեծապես կախված է նաեւ այն հանգամանքից, թե դուք ինչպես կկատարեք ձեր պարտականությունները, թե ինչ մասնագիտական մակարդակով կլուծեք ձեր առջեւ դրված խնդիրները: Գաղտնիք չէ, որ ոստիկանության գործողությունները հաճախ ունենում են հասարակական լայն եւ սուր արձագանք: Մարտի 1-ի իրադարձությունները փորձություն էին մեր ողջ երկրի ու ժողովրդի, մասնավորապես` ոստիկանության համար: Մեր ողջ հասարակության հետ նաեւ ոստիկանությունը պետք է այս փորձությունից դուրս գա պատվով եւ դասեր քաղած:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ հաջողություններ ներկա մարտահրավերներին դիմակայելու բարդ, բայց եւ պատվաբեր գործում»:



← Վերադառնալ