Ցավակցական
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
«Ցավով տեղեկացա հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։
Նրա կյանքն ու գործունեությունը մեր սպորտային պատմության մեջ խորը հետագիծ են թողել։ Նիկիտա Սիմոնյանի բազմամյա վաստակը նշանակալի դեր է ունեցել հայկական ֆուտբոլի ձևավորման, նրա հեղինակության բարձրացման և մարզական մշակույթի ամրապնդման գործում։ Նրա կենսափորձը, սկզբունքայնությունը և մտածող մարզչի կերպարը սերունդներին փոխանցել են աշխատանքի նկատմամբ նվիրումի ու հաղթելու կամքի զգացում։
Առանձնահատուկ է Նիկիտա Սիմոնյանի կապը «Արարատ-73»-ի ոգու և այն խորհրդանշական հաղթանակների հետ, որը տասնյակ տարիներ շարունակ հայկական հասարակության մեջ եղել է ոգևորության, միասնության և ազգային արժանապատվության վերելքի աղբյուր։ Նրա թողած ժառանգությունը հազարավոր երեխաների և երիտասարդների մեջ արթնացրել է սեր ֆուտբոլի, առողջ կյանքի և մրցակցության ազնիվ ոգու հանդեպ։
Խորին ցավակցություն եմ հայտնում Սիմոնյանների ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա վաստակը գնահատող բոլորին։
Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայկական սպորտի պատմության էջերում»։