Ցավակցական
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Մեծարգո տիկին Դոուլ,
Ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, ով սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր, հատկապես՝ փորձությունների ժամանակ:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Դոուլն այցելեց Հայաստան և անուրանալի դեր խաղաց մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության կազմակերպման գործում: Անգնահատելի են նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը:
Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին Դոուլ, իմ խորին ցավակցությունն ու վշտակցությունը: Պարոն Դոուլի բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: