27
08, 2021

Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով անվանի կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի մահվան մասին:

Վլադիլեն Բալյանի հեղինակած երգերն ու երաժշտությունն ունկնդրում և երգում են մի քանի սերունդներ: Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին, այն վերածել մեղեդու և հասցնել մեզ: Եվ ծնվում էին նրա ստեղծագործությունները՝ մարդու և բնության, երկնքի և երկրի մասին, սիրո, հայրենասիրական, խոհական թեմատիկայով, զգացմունքի, երևակայության և իրականության ներդաշնակ համադրմամբ:

Ցավակցում եմ անվանի կոմպոզիտորի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց մեծ վիշտը»:
 

← Վերադառնալ