Ցավակցական
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:
Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները:
Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: