Ցավակցական
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․
«Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։
Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:
Ալեքսեյ Լեոնովի անունը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինչպես պատմության մեջ մնաց Յուրի Գագարինը, ինչպես հիշում են մայրցամաքներ հայտնաբերած ճանապարհորդներին և մեծ գիտնականներին, որոնք դարակազմիկ գիտական բացահայտումներ են իրականացրել: Նմանօրինակ մարդկանց կենդանության օրոք կանգնեցնում են հուշարձաններ, նվիրում են փոստային նամականիշներ, նրանց անունը միլիոնների շուրթերին է, նրանք շրջապատված են փառքով և համընդհանուր հարգանքով: Հենց նման մեծություններից էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ Ալեքսեյ Լեոնովը, որը մշտապես մնաց իբրև համեստ, անկեղծ և շփվող մարդ:
Մենք աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ պատրաստվում էինք այցելել Ալեքսեյ Լեոնովին, սակայն չհասցրեցինք…
Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցություններն այս մեծ կորստի կապակցությամբ»: