Լրատվություն
Ցավակցական
26
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին․
«Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։
Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։
Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի։
Ձեր այս խորը վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքին»։