04
12, 2015

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան մասին: Ռոբերտ Աթոյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի զարգացման գործում, արժանացել Հայաստանի պետական մրցանակի և պետական բարձր պարգևների: Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ