14
11, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից:

Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին:

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ կմիանա բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում:

Այս դժվարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերն ու հոգիները»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ