22
09, 2015

Նախագահը ցավակցություն է հայտնել Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Մովսիսյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին` անվանի պետական գործիչ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:


ԱՐՄԵՆ ԽԻԿԱՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ կյանքի 54-րդ տարում, անժամանակ վախճանվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Արմեն Խիկարի Մովսիսյանը:

Արմեն Մովսիսյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին, Կապան քաղաքում:
1983 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989 թվականին՝ Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտը:

1983-1991թթ. աշխատել է Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, ապա նաև գլխավոր տնօրենի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է Կապանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

1993-1997թթ. եղել է Կապանի «Էլեկտրոն» գործարանի տնօրենը, 1997-1998թթ. ՀՀ էներգետիկայի նախարարության «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի տնօրենը, 1998-2000թթ.՝ «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենը:

2000-2001թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, 2001թ. հուլիս-դեկտեմբերին՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

2001-2008թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը, 2008-2014թթ.՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:

2014թ. մայիսի 7-ից ՀՀ Նախագահի խորհրդականն էր։

Արմեն Մովսիսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, մի քանի մենագրությունների և մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

Պարգևատրվել է Անանիա Շիրակացու և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:

Արմեն Մովսիսյանի` անսպառ եռանդով լի հայրենասեր գործչի և մարդու հիշատակը միշտ կլուսավորի և կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել են նրան:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


 

Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ս. թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 18.00-ից 20.00-ը, Կապան քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ ս. թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ից 14.00–ը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:

 

← Վերադառնալ