17
09, 2013

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ:

«Տարիներ շարունակ պարոն Գաֆէսճեանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու անշահախնդիր բարերարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին երևանյան կասկադի կերպարանափոխման և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում, որն իրավամբ դարձավ մեր մայրաքաղաքի ամենասիրված և ճանաչված վայրերից մեկը:

Կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ջերարդ Գաֆէսճեանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ