15
10, 2012

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Վեհափառ Տեր,

Խոր վշտով տեղեկացա Երուսաղեմի Սուրբ Աթոռի Պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ցավալի վախճանի մասին:

Երկար տասնամյակներ գլխավորելով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր ժողովրդին ու հավատքին` Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանն անգնահատելի ներդրում ունեցավ ինչպես հայ ժողովրդի հոգևոր արժեքների տարածման, այնպես էլ տարբեր կրոնների միջև հանդուրժողականության և առողջ երկխոսության մթնոլորտի ձևավորման գործում: Մեծ մտավորականի, Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ հետևորդի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Խորապես ցավում եմ անդառնալի կորստյան համար և անկեղծորեն կիսում Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատավորների վիշտը: Բոլորիս համար այս ծանր պահին թող Բարձրյալը մեր հոգիներին տոկունություն և հոգևոր խաղաղություն սփռի»:
 

← Վերադառնալ