21
03, 2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին: Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Մեր երկիր կատարած նրա այցելություններն իրենց հետքն են թողել մեր ստեղծագործ ժողովրդի սրտում ու հոգում: Փոխադարձաբար, Հայաստանն էլ հուզել ու ներշնչել էր մեծն Տոնինոյին այնքան, որ նա իր հրաշալի պոեմն էր ձոնել մեր երկրին ու մեր ժողովրդին:

Հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և ձեր բարեկամներին, Իտալիայի ողջ ժողովրդին: Կորուստը մեծ է ու ցավալի: Մեր միակ մխիթարանքն այս պահին Տոնինո Գուերայի հանճարեղ ստեղծագործություններն են, որ մեզ հետ են և ուղղված են Հավերժին»:

← Վերադառնալ