06
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, hայ պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ:

Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաև նրա բարձր արվեստի բոլոր երկրպագուներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է. «Վանուշ Խանամիրյանը մեր մշակույթի այն գործիչներից է, ով նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման և այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Նրա անզուգական կատարումները բարձր են գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ նրանով հիացող հազարավոր հանդիսատեսների կողմից:

Նա արժանիորեն վայելում էր մեծ ժողովրդականություն և իր ուրույն ավանդն էր բերում և՛ որպես մշակույթի կազմակերպիչ, և՛ իր հայրենանվեր, քաղաքացիական դիրքորոշմամբ: Վանուշ Խանամիրյանի անունը և վառ կերպարը հավերժ կմնան մեր սրտերում և հայ արվեստի պատմության մեջ»:

← Վերադառնալ