11
01, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

“Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին:

Ֆադեյ Սարգսյանն արժանիորեն վայելում էր պետականության բարձր գիտակցությամբ օժտված, բանիմաց ու հեռատես գործչի համբավ, ում ողջ կենսագրությունը երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրվելու վառ օրինակ է: Տարիներ շարունակ զբաղեցնելով ամենաբարձր պետական պաշտոններ` մինչեւ կյանքի վերջին օրը նա հավատարիմ մնաց մարդկային իր հատկանիշներին` ընդգծված համեստությանը, բարությանն ու ներողամտությանը: Ժամանակակիցները նրան միշտ կհիշեն իր բարի ժպիտով, որը միաժամանակ ե՛ւ քաջալերում, ե՛ւ պարտավորեցնում էր:

Ցանկացած աշխատանք կամ ոլորտ, որ ղեկավարվել է Ֆադեյ Սարգսյանի կողմից, հուսալիության ամուր պաշար եւ հաջողության լուրջ հավակնություններ է պարունակել: Մեծ է նրա` որպես կառավարության ղեկավարի ավանդը Հայաստանի զարգացման գործում: Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսեւորվել են նաեւ հանրապետության գիտական կյանքի կազմակերպման գործում` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարելու տարիներին:

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում հայրենիքի առաջ ծանրակշիռ ծառայություններ ունեցող մարդու ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին”:

← Վերադառնալ