11
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ

Ուղերձում ասված է.

“Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան մասին:

Իգիթյանը մեր նորագույն պատմության հազվագյուտ անհատներից էր, մեր երկրի ու հայ մշակույթի երախտավորներից: Իր գործունեության բոլոր ոլորտներում նա առաջամարտիկ էր, ով հաղթահարում էր անհնարին թվացող խոչընդոտներ, ճշմարտության ու գեղեցիկի համար ճանապարհ բացում` սեփական օրինակով ապացուցելով, որ իրական հայրենասերի ու արվեստագետի առաջ անանցանելի արգելքներ չկան:

Հենրիկը համարում էր, որ մտավորականը պետք է մտածելակերպով ու գործով միշտ բոլորից քայլ առաջ լինի: Նա այդպիսին էր թե՛ հասարակական-քաղաքական կյանքում, թե՛ արվեստում: Ժամանակակից արվեստի իգիթյանական թանգարանը նոր շունչ հաղորդեց մեր կերպարվեստի զարգացմանը, իսկ մանկական արվեստի գեղագիտական դաստիարակության կենտրոնն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում: Մշակույթի այդ օջախներն այսօր էլ քարոզում են արվեստ` առանց պայմանականությունների:

Հենրիկ Իգիթյանի համար արվեստը, հայ մշակույթի հարատեւությունը հավատամք էին: Նա սիրում ու գնահատում էր մեր մշակույթը եւ պատգամում. “Մտե՛ք ժամանակակից արվեստի թանգարան, տեսե՛ք մեր մշակույթը, որն ուրիշներին չի զիջում”:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին եւ հարազատներին, նրա գործընկերներին ու սաներին”:

← Վերադառնալ