05
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ուղերձում ասված է.

"Խորապես սգում եմ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ:

Նորին Սրբության կյանքն ու գործունեությունը եղել եւ մնում են հետեւողականությամբ, նվիրվածությամբ, իր ժողովրդին խոր գիտակցմամբ ծառայելու օրինակ: Եկեղեցում անցկացրած նրա վաթսուն տարիները իրենց մեջ ներառում են Ռուսաստանի նորագույն պատմության բոլոր փուլերը, որոնցից շատերը հատկապես ծանր են եղել պետության եւ եկեղեցու հարաբերություններում: Այսօր կարելի է վստահորեն ասել, որ նա հսկայական ներդրում ունեցավ ռուսական հասարակության կյանքում եկեղեցու արժանի դերի վերածննդի գործում:

Անկասկած, Վեհափառի հայրապետական կառավարման գլխավոր ձեռքբերումը եղավ Ռուսական Ուղղափառ եւ Ռուսական Արտասահմանյան եկեղեցիների միավորումը, ինչին նա անկեղծորեն նվիրված էր:

Հայաստանում գիտեին, սիրում եւ խորապես հարգում էին Նորին Սրբությանը: Նա մեծ ավանդ ներդրեց Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի զարգացման գործում: Մենք հիշում եւ բարձր ենք գնահատում Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը:

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, բոլոր ռուսաստանցիներին եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետեւորդներին":

← Վերադառնալ