23
12, 2021

«Ամեն երեխա կարևոր է». տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն:

Կենտրոնը վերականգնողական ծառայություններ է տրամադրում տարեկան ավելի քան 200 երեխաների, որոնք ունեն զարգացման հապաղումներ և տարաբնույթ սոցիալական խնդիրներ:

«Լուսէ» կենտրոնի և «Զատիկ» աջակցության կենտրոնի սաների կողմից ներկայացվել է «Քաչալ ոզնին» ստվերների թատրոնը՝ բեմադրված տիկին Նունե Սարգսյանի համանուն հեքիաթի հիման վրա:

Ներկայացման ավարտին երեխաները պատմել են իրենց երազանքների ու ապագա նախընտրելի մասնագիտությունների մասին:

Տիկին Նունե Սարգսյանը, դիմելով երեխաներին ու միջոցառմանը ներկա ծնողներին, մասնավորապես, նշել է. «Երեխաները մեզ համար այս աշխարհում, այս կյանքում ամենակարևորն են: Ես մշտապես այս միտքն առաջնահերթ կերպով կարևորում եմ իմ ստեղծագործություններում: Իմ գրքերում ես ուզում եմ ապացուցել, որ ամեն երեխա գանձ է, ամեն երեխա կարևոր է, չի կարելի տարբերություն դնել երեխաների միջև:

Երեխաներն ունեն օվկիանոսի չափ երևակայություն: Կխնդրեմ ձեզ չսեղմել, քառակուսու մեջ չդնել նրանց երևակայությունը: Թող երազեն, թող թռչեն, թող դառնան տիեզերագնաց, արվեստագետ կամ այն, ինչ իրենք ցանկանում են»:

Միջոցառման ավարտին երեխաներին անակնկալ այցելել և ուրախացրել է Ձմեռ պապը:

← Վերադառնալ