14
10, 2021

Նունե Սարգսյանը տեսաուղերձ է հղել միջազգային «Save the Children» կազմակերպության՝ «Մենք կարող ենք. աղջիկների ձայները՝ հանուն աղջիկների հզորացման» խորագրով միջոցառմանը

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը տեսաուղերձ է հղել Dubai Expo-ի շրջանակում կազմակերպված՝ միջազգային «Save the Children» կազմակերպության միջոցառմանը, որն անցկացվել է «Մենք կարող ենք. աղջիկների ձայները՝ հանուն աղջիկների հզորացման» խորագրով:

Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան՝ Նունե Սարգսյանը կարևորել է կանանց և աղջիկների կրթության իրավունքի իրացումը: «Իհարկե, կարևոր է, որ կանայք ողջ աշխարհում առաջատար դերակատարում ունենան կառավարությունների ու խորհրդարանների կազմում, սակայն կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է կրթել փոքր աղջիկներին, նրանց վստահություն հաղորդել»,- ասել է նա:

Տիկին Նունե Սարգսյանը պատմել է իր և 6-ամյա թոռնուհու՝ Սավաննայի՝ համատեղ գիրք գրելու և այն նկարազարդելու փորձառության մասին: «Այս գրքի ստեղծումը նրան մեծ ինքնավստահություն հաղորդեց: Իմ առաջարկն է բոլոր ուսուցիչներին, ծնողներին, տատիկներին ու պապիկներին՝ արեք նույնն այն երեխաների հետ, ովքեր կան ձեր ընտանիքներում ու դպրոցներում, քաջալերեք նրանց, տվեք նրանց ուժ ու վստահություն»,- ընդգծել է նա:

 

 

← Վերադառնալ