24
05, 2021

Տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել է Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենին

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր մշակութային հաստատություններից մեկի՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամին։

Տիկին Սարգսյանը երկու տարի առաջ այցելել էր Շարժայի ժառանգության ինստիտուտ, և դեռ այն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համատեղ մշակութային ծրագրեր մշակելու և իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես, Հանրապետության նախագահի տիկինն առաջարկել էր ինստիտուտի ղեկավարությանը համագործակցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ՝ պատմելով ռեստավրացիոն լաբորատորիայի մասին ու ընդգծելով, որ հայ մասնագետները կարող են վերապատրաստել Շարժայի ժառանգության ինստիտուտի՝ հնագույն ձեռագրերի վերականգնմամբ զբաղվող աշխատակիցներին: Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հավանել էր գաղափարն ու որպես շարունակություն ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպման որոշում էր կայացրել այցելել Հայաստան:

Հայաստանում Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենը եղել է տարբեր մարզերում, այցելել մշակութային ու գիտակրթական հաստատություններ: Աբդուլազիզ ալ-Մուսալլամը, մասնավորապես, տիկին Նունե Սարգսյանին է ներկայացրել Մատենադարան կատարած այցը, որտեղ ծանոթացել է ինչպես հայկական ձեռագրական ժառանգությանը, այնպես էլ գիտահետազոտական ինստիտուտում պահվող արաբական ձեռագրերի լավագույն նմուշներին, որոնք հայերեն ձեռագրերից հետո Մատենադարանի երկրորդ ամենախոշոր հավաքածուն են: Նա հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մատենադարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև աշխատակիցների ու ձեռագրերի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Տիկին Նունե Սարգսյանը կարևորել է երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային կապերի խորացումն ու ընդլայնումը: «Մենք եղբայրական հարաբերություններ ունենք Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, և ուրախ կլինենք այդ հարաբերություններն ամրապնդել մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով: Ցանկացած հարաբերությունների հիմքը մշակույթն է»,- ասել է Նունե Սարգսյանը: Որպես երկկողմ ջերմ հարաբերությունների լավագույն օրինակ՝ նա մասնավորապես նշել է տարիներ առաջ Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման իրականացումը:

Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հանդիպմանն առաջարկել է Շարժայում ամեն տարի կազմակերպվող «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի շրջանակում 2022 թվականին հրավիրել Հայաստանին՝ որպես փառատոնի պատվավոր հյուր: Ողջունելով գաղափարը՝ նախագահի տիկին Նունե Սարգսյանը ևս առաջարկել է, որ Հայաստանում կազմակերպվի Շարժայի մշակութային շաբաթ: Երկուստեք կարևորվել է նաև երկկողմ մարզական միջոցառումների անցկացումը, մասնավորապես քննարկվել է սեղանի թենիսի պատանիների մրցումներ կազմակերպելու հնարավորությունը:

← Վերադառնալ