16
04, 2021

«Հայկական անկյուն»՝ Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում. տիկին Նունե Սարգսյանն այցելել է թանգարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում:

Պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև վրացական մշակույթի ու արվեստի ցուցանմուշների յուրօրինակ հավաքածուներով: Այստեղ պահվում են վրացական թատրոնին, կինոյին, օպերային ու բալետին, բանահյուսությանը վերաբերող ավելի քան 300 հազար ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ:

Տիկին Սարգսյանը թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիայի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին:

Տիկին Սարգսյանի այցի կապակցությամբ թանգարանում բացվել է յուրահատուկ «հայկական անկյուն», որտեղ, մասնավորապես, ներկայացվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տարբեր տարիների խաղացանկերը՝ սկսած դեռևս 19-րդ դարից, երբ այն հանդես էր գալիս որպես հայկական պրոֆեսիոնալ թատրոն։ Ներկայացված էին նաև մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաև Ախալցխայի արծաթագործության հիանալի նմուշներ և միջնադարյան Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու վանքերի արխիվային լուսանկարների հավաքածուներ:

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի ղեկավարին՝ նման գեղեցիկ ու տպավորիչ ցուցադրության կազմակերպման համար: Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները և խոստանալով վերադառնալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել թանգարանում:

← Վերադառնալ