17
10, 2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանները խաղաղության կոչ են անում

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան է, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի մյուս դեսպանները դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին` կոչ անելով Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:

Կոչի ամբողջական տեքստը ստորև.

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին

Հարգելի տիկին Ֆոր,

Ինչպես Դուք լավ տեղյակ եք, սեպտեմբերի 27-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվում է լայնամասշտաբ ռազմական հարձակում Թուրքիայի օժանդակությամբ և մասնակցությամբ, որը գնալով ահագնանում է:

Ինչպես վկայում են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ զեկույցները, լայնածավալ օդային և ցամաքային հարձակումների թիրախ են դառնում քաղաքացիական բնակչությունը, հիվանդանոցները, փրկարարական կենտրոնները, դպրոցները, եկեղեցիները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, ինտենսիվորեն կիրառվում են ռազմական ավիացիա և բոլոր միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, ինչպիսիք են կասետային մարտագլխիկներով հրթիռները և այլ ահաբեկիչ միջոցներ: Խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված անկանոն և թիրախային հարվածները հանգեցրել են համատարած ավերածությունների, մեծաթիվ կորուստների և ծանր վիրավորումների, որոնք հասցվել են նաև երեխաներին և կանանց: Այսօր Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև:

Սրանք մարդու իրավունքների, Ժնևի կոնվենցիաների և Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են: Սա պարզապես հարձակում չէ հայերի վրա, այլ ոտնձգություն մարդասիրական հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի որդեգրած արժեքների նկատմամբ: Ցավոք, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ուշադիր հայացքի ներքո:

Երեխաները դառնում են անողոք արյունահեղության զոհեր, ենթարկվում են հոգեբանական ցնցումների, կրում տառապանքներ և ծայրահեղ կարիք ունեն սատարման՝ անկախ իրենց ազգությունից և բնակության տարածքից՝ միաժամանակ պահպանելով ոչ մեկին իրենց հետևում չլքելու աներեր վճռականությունը: Այս պահին Արցախի երեխաների գոյությունը վտանգի տակ է, սակայն մնացյալ աշխարհի երեխաների պես նրանք ևս ունեն ապրելու և պաշտպանված լինելու իրավունք. բոլորը՝ կոմայի մեջ գտնվող 15-ամյա Ռոբերտը, կյանքի ու մահվան սահմանագծին դեռևս պայքարող 2-ամյա Արծվիկը, Արծվիկի 9-ամյա սպանված քույրը և շատ ուրիշներ…

Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ՝ մենք կոչ ենք անում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների՝ հնչեցնել իրենց ձայնը, օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները: Խաղաղության կոչերով և մտահոգություններով հանդես գալը չի տվել ոչ մի արդյունք: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածին համապատասխան՝ ցուցաբերե՛ք մարդասիրական օգնություն Արցախում ապրող մարդկանց: Հետևողական եղեք, որ մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքն ու ոչ ոքի չանտեսելու ձեր հանձնառությունը առանց նախապայմանների կյանքի կոչվեն բոլորի համար և ամենուր:

Թույլ չտա՛նք, որ մեր լռությունը խլացնի անզեն մանուկների և նրանց համար հոգ տանողների ճիչերը:

Ինքնե՛րս չձախողվենք՝ որպես կարեկցանքի, արդարության և խաղաղության համար հոգ տանողներ:

Հենց այս վճռորոշ պահին է անհրաժեշտ կատարել համարձակ քայլեր՝ մարդկային կյանքերի փրկության համար: Մենք ցանկանում ենք մնալ հպարտ անդամները այնպիսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի, որը նկատում է ակնհայտը, դատապարտում է բարոյազուրկը և անտարբեր չէ անպաշտպան տուժածների հանդեպ:


Նունե Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան (2019 թվականից)


Ալլա Լևոնյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի առաջին հայ դեսպան (2007 թվականից), Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
 

Մարիա Գուլեգինա, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2009 թվականից)
 

Հենրիխ Մխիթարյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2016 թվականից), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ռոմա» ՖԱ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ
 

Արթուր Ալեքսանյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2019 թվականից), հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն  

← Վերադառնալ