Օրագիր
«Այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման յուրօրինակ կամուրջ է». Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում ամփոփվել են արևմտահայերեն բանաստեղծությունների մրցույթի արդյունքները
Հանրապետության Անկախության օրն ամփոփվել են տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված արևմտահայերեն բանաստեղծությունների մրցույթի արդյունքները: Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև կապերի սերտացմանն ուղղված հեռավար զրույցների շրջանակում բանաստեղծությունների մրցույթի անցկացման մասին հայտարարվել էր տիկին Սարգսյանի՝ այս տարվա մայիսի 26-ին Քուվեյթի ազգային վարժարանի սաների հետ հեռավար հանդիպման ընթացքում: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարժարանի սաների մասնակցությամբ մրցույթի արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը:
Չխախտելով պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 21-ին տիկին Սարգսյանը, «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի աջակցությամբ, առցանց հանդիպում է ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի և «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում վարժարանի հետ որպես քույր դպրոց հայտարարված՝ Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների հետ: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը: Անկախությունը փոխեց բոլոր հայերի կյանքը: Քսանինը տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ հաստատվել և դառնալ անկախ պետականություն ունեցող երկիր»,-իր ողջույնի խոսքում ասել է տիկին Նունե Սարգսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել երկու դպրոցների տնօրեններին, ուսուցչական կազմին և աշակերտներին՝ իրենց գնահատելի պատրաստակամության ու ոգևորության, ջանքերի ու աշխատասիրության, և, իհարկե, հայ ազգին, հայոց լեզվին և մշակույթին նվիրված լինելու համար։ «Սա է այս նախաձեռնության հիմնական նպատակը՝ լինել կամուրջ և պահպանել մեր մայրենի լեզուն, -նշել է նա: -Շատ ուրախ եմ, որ դուք հավատացիք և մասնակցեցիք այս մրցույթին»:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է տասներկու աշակերտ: Վարժարանի աշակերտների կողմից ներկայացված բանաստեղծությունները գնահատվել են չորս անձից բաղկացած մասնագիտական ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, արձակագիր, բանաստեղծուհի և մանկագիր Մարիամ Խուրշուդյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը, «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի հիմնադիր, խմբագիր Նայիրի Մկրտիչեանը: Առավելագույն միավորներ են հավաքել և հաղթողներ են ճանաչվել Քուվեյթի ազգային վարժարանի 8-րդ դասարանի աշակերտուհի Լալա Խաչատուրյանը՝ «ՍԻՐՈՅ ՏԱՂ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ», 1-ին դասարանի աշակերտուհի Աննա Պոտիկյանը՝ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» և 4-րդ դասարանի աշակերտ Նիգոլ Աղպոյանը՝ «ՔՈՅՐՍ» բանաստեղծություններով:
«Հավատացնում եմ, որ թե՛ ժյուրին, թե՛ մենք բոլորս շատ հավանեցինք բոլոր տասներկու բանաստեղծությունները»,-ընդգծել է տիկին Նունե Սարգսյանը: Որպես քաջալերանք, խրախուսանք և շնորհակալություն՝ բոլոր տասներկու աշակերտների կողմից ներկայացված բանաստեղծությունները կհրապարակվեն «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքում և Հայաստանի նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքում: «Երեխանե՛ր, սա միասին աշխատելու մեր առաջին փորձն էր, բայց ես վստահ և լիահույս եմ, որ մենք շատ ուրիշ ծրագրեր պետք է իրականացնենք»,-ասաց տիկին Սարգսյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարգևների հանձնման արարողությունը կազմակերպել այն ժամանակ, երբ Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի հրավերով մրցույթի մասնակիցները կայցելեն Հայաստան: Տիկին Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է երեխաներին հյուրընկալել Հանրապետության նախագահի նստավայրում և այնտեղ էլ հանձնել պարգևները: Պարգևներ կստանան Քուվեյթի ազգային վարժարանի այն տասներկու սաները, որոնք մասնակցել են մրցույթին: Իսկ առավելագույն միավորների արժանացած երեք աշակերտները կստանան հատուկ մրցանակներ:
Տիկին Նունե Սարգսյանը քաջալերել է երկու կրթօջախների աշակերտներին շարունակել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում շփումները, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել երկու դպրոցների տնօրենների, ուսուցիչների և ամենակարևորը՝ աշակերտների կողմից: «Գրչի ընկեր» նախաձեռնության շարունակականությունը ապահովելու նպատակով տիկին Սարգսյանը առաջարկել է դպրոցների միջև իրականացնել ասմունքի մրցույթ: Նշենք, որ տիկին Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնությունը իրականացվում է «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի հետ համագործակցաբար: