Օրագիր
Մայքլ (Միշել) Ուեսթ՝ Արշիլ Գորկուն մերժած նկարչուհու «ներքին աչքը»
(Photo courtesy of Hollis Taggart, Photo courtesy of Michael West estate archive)
Մեդիամաքսը ներկայացնում է ՀՀ նախագահի տիկնոջ՝ արվեստաբան, մանկագիր Նունե Սարգսյանի հոդվածը:
2017–ի ամառային մի հիանալի օր ես մտա “Masterpiece”, «Գլուխգործոց» ցուցահանդեսը։ Սկսած 2010 թվականից Լոնդոնի Royal Hospital-ի՝ Թագավորական հիվանդանոցի այգիներում տեղի է ունենում “Masterpiece” ցուցահանդես-տոնավաճառը, երբ աշխարհի լավագույն արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ բերվում եւ ցուցադրվում են հսկայական վրանի մեջ, որը սովորաբար մեկ շաբաթով բարձրացվում է ճիշտ 18-րդ դարի հայտնի ճարտարապետ Քրիստոֆեր Րենի նախագծած հիվանդանոցի՝ անգլիական դասական ճարտարապետության լավագույն շենքերից մեկի կողքին։
Իմ սիրած տեղերից մեկն է այցելելու։ Որպես արվեստագետ եւ որպես նվիրյալ հին ու նոր արվեստների, ես այստեղ զգում եմ ինչպես ձուկը ջրում։
Հսկայական վրանը քողարկված է, կարծես թե` աղյուսից կառուցված մի շենք լինի։ Հուզված եւ անհամբեր՝ տեսնելու ԼԱՎ արվեստ, որը սովորաբար պարփակում է արվեստի պատմության 6000 տարիները՝ ես շտապեցի դեպի ցուցահանդես։
Անցա մագնիսական անցումը, պայուսակս տվեցի անվտանգության աշխատողին ստուգման համար եւ մտա շքամուտքից ներս։ Ամեն անգամ, երբ գալիս եմ այս ցուցահանդեսը, զգացումս նույնն է, ինչ՝ երբ լողալ սիրողը ընկղմվում է ծովի զովացնող ջրերի մեջ ամռան շոգ օրը։ Ես զգացի մոտավորապես նույնը՝ եւ ընկղմվեցի արվեստի «ծովի» մեջ։
Անգլիայի, Եվրոպայի եւ աշխարհի տարբեր վաճառասրահներ, գալերեաներ եւ կոլեկցիոներներ բերել էին լավագույնը, որ ունեն՝ վաճառելու կամ պարզապես ցույց տալու։
Եվ այսպես, ես սկսեցի քայլել հսկայական սրահների միջանցքներով՝ մոտենալով աջում եւ ձախում տեղադրված ստենդերին ու ցուցանմուշներին։ Սկսած Միջագետքում պեղումների ժամանակ գտնված քարե արձաններից մինչեւ Դեմիան Հըրսթի «քլոն» արված կլոր գունավոր շրջանագծերը՝ ամեն ինչ մի հսկա վրանի տակ ՝ ծայրահեղ հաճելի էր նայել, համեմատել, երազել, մտածել եւ վայելել։
Հանկարծ հեռվում նկատեցի մի քանի մեծ կտավ։ Ես աբստրակտ էքսպրեսիոնիզմի սիրահար եմ։ Եվ այն ինչ տեսա, նորություն էր։ Սեւ, կանաչ, սերուցքագույն, սպիտակ աբստրակցիա էմալե փայլով՝ վայրի, զորավոր վրձնահարվածներ, որոնք ինձ ձգեցին իրենց մագնիսական ուժով։
Մոտեցա անմիջապես։
«Ռեյչլ Սմիթ,- ներկայացավ շեկ մազերով, լեցուն մարմնով, բարեհամբույր ժպիտով միջին տարիքի կինը,- իսկ սա հայրս է՝ միասին ենք աշխատում, Նյու Յորքում»։
Նա նկատեց, որ հմայված նայում եմ աբստրակտ կոմպոզիցիաներին։
«Մայքլ Ուեսթ։ Չկարծեք, որ տղամարդ է։ Նրա իսկական անունը Միշել Քորին Ուեսթ էր։ Արշիլ Գորկին բազմիցս նրան առաջարկեց ամուսնանալ, բայց նա մերժեց։ Լինելով Գորկու ընկերուհին եւ ինչ-որ չափով հետեւորդը, նա չուզեց ամուսնության պատճառով իր հետագա կյանքը որպես նկարչուհի անցկացնել Գորկու ստվերում»:
«Ափսոս,- մտածեցի ես,- թերեւս Գորկու ճակատագիրն ուրիշ լիներ, եթե ամուսնանար այս կնոջ հետ եւ ոչ թե Ագնես Մագրուդերի»։ Գորկին ինքնասպան եղավ, երբ կինը երկու դուստրերի հետ լքեց նրան իր կյանքի ամենադժվար պահին, երբ ուներ քաղցկեղ եւ նկարող ձեռքը ավտովթարի պատճառով չէր աշխատում։
Սակայն բարձրաձայն ասացի.
- Ինչպես թե՞, մե՞ր Արշիլ Գորկին։
Նա զարմացած նայեց ինձ եւ հարցրեց.
- Դուք հա՞յ եք։
Ես ժպտացի։
- Մենք վաճառում ենք նաեւ Գորկու գծանկարը, եկեք ձեզ ցույց տամ։
Գորկու գծանկարները հնարավոր չի մեկ վայրկյանում յուրացնել, երկար ժամանակ է հարկավոր։ Տեսնելով, թե խոսքը Գորկու որ գծանկարի մասին է, ես վերադարձա Մայքլ Ուեսթի գործերին, որոնք առաջին անգամ էի տեսնում։
Դա այն պահն էր, որից սկսած ես գտա հմայվածության մի աստիճան իմ մեջ, որն ինձ այսուհետ կապեց այս նկարչուհու գործերին։
Ռեյչլ Սմիթը հակիրճ պատմեց Մայքլ Ուեսթի՝ ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցչի՝ անհայտ, մինչեւ հիմա կորսված նկարների մասին։
- Մայքլ Ուեսթ...նա անունը փոխեց Արշիլ Գորկու թելադրությամբ, սկզբում կոչեց իրեն Միքայել, հետո ավելի ամերիկյան ձեւով՝ Մայքլ։
- Որտե՞ղ էր այս նկարչուհին, ինչու երբեք մինչեւ հիմա նրա գործերը չեն երեւացել արվեստի շուկայում, - հարցրեցի։
- Մենք առաջիններից մեկն ենք, որ գտել եւ ցուցադրում ենք նրա որոշ աշխատանքները։
Միշել Քորին Ուեսթը ծնվել է 1908 թվականին Չիկագոյում։ Հաճախել է Ցինցինատիի արվեստի ակադեմիան։ 1932 թվականին տեղափոխվել է Նյու Յորք։ Հենց այդ ժամանակ ծանոթացել է Արշիլ Գորկու հետ։ Նրանց միջեւ սկսվել է մտերմություն, ավելի շուտ՝ ռոմանտիկ բարեկամություն։ Միասին այցելել են թանգարաններ, ժամերով քննարկել են արվեստ եւ փիլիսոփայություն, կազմել են իրենց անձնական էսթետիկ տեսությունները։ Գորկին էր, որ առաջարկեց Միշել Քորին Ուեսթ անունը փոխել՝ քաղքենի հարսնացուի անուն է կարծես, ասաց նա։ Եվ նկարչուհին ինքն իրեն կոչեց Մայքլ Ուեսթ, հուսալով, որ իր նկարչական գործերը տեղ կգտնեն պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո՝ տղամարդկանց գերակշռությամբ՝ վերացական արվեստի ասպարեզում։
Գորկու եւ Մայքլ Ուեսթի բարեկամությունը տեւեց երկար տարիներ 30-ական թվականների ընթացքում։ Ակնհայտորեն բարեկամությունից ավելի էր նրանց մտերմությունը, քանի որ հայտնի է, որ Գորկին վեց անգամ ամուսնության առաջարկ է արել Մայքլին, որոնք նա չի ընդունել։
Չի ընդունել ոչ թե այն պատճառով, որ չի սիրել Գորկուն, այլ որովհետեւ վախեցել է, որ իր նկարչությունը կճնշվի Արշիլ Գորկու արվեստի հզորության եւ գեղագիտական արժեքի տակ։ Գորկին, որպես նկարիչ, ոչնչացնում էր նրան։ Սակայն Գորկին էր, որ բացեց նրա աչքերը եւ փոխեց նրա հայացքները։ Գորկու ազդեցությունը, ասում էին որոշ արվեստագետներ, հսկայական էր Մայքլ Ուեսթի կյանքում եւ աշխատանքում։
Արշիլ Գորկին հիմնադրեց ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմը եւ ունեցավ բազմաթիվ հետեւորդներ, այդ թվում Փոլոքը, Միրոն, Մադըրուելը, Դե Կունինգը։ Գորկու ինքնասպանությունը 45 տարեկան հասակում՝ իրականում, բացեց ճանապարհները իր հետեւորդների համբավի համար։
Վերադառնանք Մայքլ Ուեսթին։ Նա գեղեցկուհի էր՝ դատելով լուսանկարներից եւ ժամանակակիցների թողած հուշագրություններից։ Նրա ընտանիքը առանձնապես հետաքրքրված չէր արվեստով եւ նա նախ ընդունվեց Ցինցինատիի կոնսերվատորիան, որին հետեւեց կարճատեւ ամուսնություն, որն ընդհատելով՝ նա եկավ Նյու Յորք եւ սկսեց ուսանել աբստրակցիոնիստ Հանս Հոֆմանի մոտ։ Հոֆմանը, որ գերմանացի էր, դարձել էր Նյու Յորքի ամենահայտնի ժամանակակից արվեստի ուսուցիչը։
Հոֆմանը սովորեցրեց Մայքլին օգտագործել իր «ներքին աչքը» իրերը աբստրակտ ձեւով զգալու եւ հոգու խորքից վերացականը արտահայտելու տեխնիկան։ Այս դասընթացը տեւեց միայն վեց ամիս, քանի որ Մայքլը հայտարարեց «Սա ոչ թե դասընթաց է, այլ՝ պաշտամունք»։ Հոֆմանի մոտ ուսանում էր նաեւ Ջեքսոն Փոլոքի կինը՝ նկարչուհի Լի Կրասները։ Հոֆմանը հատուկ թերագնահատանքով էր վերաբերում կին նկարիչներին։ Հայտնի է նրա ասածը Լի Կրասների մի հաջողված նկարի մասին. «Այնքան լավն է այս նկարը, որ չես ասի, որ կին է նկարել»։
Եվ չնայած տղամարդ աբստրակցիոնիստների պատնեշին՝ Ամերիկայում մոտ երեսուն կին աբստրակտ էքսպրեսիոնիստներ կայացան հետպատերազմական տարիներին եւ 60-ական թվականներին՝ երկու սերունդ, ինչպես օրինակ՝ Հելեն Ֆրանկենթալերը, Էլեյն Դե կունինգը, Լի Կրասները, Ջոան Միտչելը։
Գորկու եւ Մայքլի երկար զրույցները թանգարաններում, հատկապես Նյու Յորքի Մետրոպոլիտենում, որտեղ նրանք պատճենում էին հին վարպետների գծանկարները, հանգեցրին նրան, որ Մայքլը հիանալիորեն տիրապետեց գծանկարին եւ նրա մոտ կատարելագործվեց գծանկարը գեղանկարի փոխակերպելու վարպետությունը։
Երկար տարիների զրույցները էսթետիկայի մասին Արշիլ Գորկու հետ եւ մեծ քանակությամբ գրականության, հատկապես եվրոպական էքզիստենցիալիստների ընթերցումը, Մայքլ Ուեսթին տվեցին մտավորական մի խորություն, որն արտահայտվել է նրա էսսեներում եւ բանաստեղծություններում։ Նա գրել է 52 բանաստեղծություն, որոնք նույնքան վերացական են, որքան նրա նկարները։ Նա տարված էր միստիցիզմով եւ միշտ փորձում էր մակերեսից թափանցել ներս եւ տեսնել իրերի եւ աշխարհի խորքը։ Նա համարում էր, որ տիեզերքը միստիկա է։
Ուեսթը հետաքրքրասեր եւ ոչ մակերեսային անձնավորություն էր։ Նա տեսնում էր այն, ինչ սովորական աչքերը չէին տեսնում։ Ինչպես ասել է ժամանակակից մի արվեստի քննադատ, «նա իր կտավների վրա կարողանում էր արտահայտել իրերի եւ երեւույթների ներքին հոսանքները»։
Ուեսթի երկրորդ ամուսնությունը ավելի երկար տեւեց՝ 1948 թվականից մինչեւ 1960: Ամուսինը ավանգարդ լուսանկարիչ եւ կինոնկարահանող Ֆրենսիս Լին էր։ Ամուսնությունից մեկ տարի հետո ծնվեց առաջին եւ միակ զավակը՝ Լայոնել Սարդոֆոնտանա Լին։
Նրա հազվագյուտ ցուցահանդեսներից էին Ռոչեսթերում-Նյու Յորք՝ առաջին միանձնյա ցուցահանդեսը 1935թ.-ին, նրա մահվանից հետո՝ Փոլոք-Կրասներ տուն թանգարանում 1996թ.-ին եղավ մի ցուցահանդես, որը կոչվում էր «Մայքլ Ուեսթ. նկարիչ եւ բանաստեղծ» եւ մի քանի այլ աննշան ցուցադրումներ նրա կյանքի ընթացքում Նյու Յորքի ոչ հայտնի ցուցասրահներում։
Դուք երբեւէ տեսե՞լ եք նկարչի, որը բոլորովին հետաքրքրված չի ինքն իրեն հայտնի դարձնելով եւ նկարները վաճառելով կամ ցուցադրելով։ Այո, ես անցյալում տեսել եմ, եւ մեկ կամ երկու սերունդ հետո այսպիսի նկարիչները կորչում են, նրանց անունը մոռացվում է, իսկ կտավները փոշոտվում են նկուղներում կամ ձեղնահարկերում։ Մայքլ Ուեսթն այդպիսին էր։ Նա մահացավ աղքատության մեջ։
Չեմ կարող ասել, տխուր էր, թե սովորական այս անձնավորության կյանքի վերջին տարիները։ Նա մահացավ 1991 թվականին Մանհեթընի իր բնակարանում, որտեղ կուտակված էին նրա բոլոր աշխատանքները եւ արխիվը։
Մայքլ Ուեսթի դեպքում՝բարեբախտաբար, նրա անունը վերակենդանացավ, քանի որ, հրաշք կատարվեց։ Մեկը՝ Սթյուարթ Ֆրիդման անունով, գնեց Ուեսթի բնակարանի ամբողջ պարունակությունը՝ կտավները, արխիվը, նյութերը՝ միայն 5000 դոլարով, այնուհետեւ վաճառելով արվեստի նյույորքյան հայտնի սրահներից մեկին՝ Hollis Taggart գալերեային, որն այժմ ունի Ուեսթի ժառանգությունը ներկայացնելու առանձնահատուկ իրավունքը։
Մայքլ Ուեսթը հասավ իր նպատակին՝ նրա գործերը չեն հիշեցնում Արշիլ Գորկու կամ մեկ ուրիշի աշխատանքները։ Բայց լի են առեղծվածային աբստրակցիայով։