03
05, 2020

Նունե Սարգսյանի ստեղծած մարդուկներն ու «կապույտ հիվանդությունը»

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հարցազրույցը՝ mediamax գործակալությանը: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր, արվեստաբան Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» գիրքը Սադափ Դարզի անունով մի անվախ աղջկա մասին է, ով ուզում չար վհուկներից փրկել աշխարհը: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը: Նկարազարդումները՝ Ագնես Ավագյանինն են:

Մեդիամաքսը «Կախարդական կոճակներ» մանկական հեքիաթի մասին զրուցել է Նունե Սարգսյանի հետ:

- Մանկագիրները, առհասարակ, գրողները փաստում են, որ ավելի դժվար է գրել երեխաների համար, քան մեծերի: Դուք քսանից ավելի մանկական գրքերի հեղինակ եք՝ ինչու՞ է ավելի դժվար:

- Այս հարցին ավելի լավ կպատասխանի ա՛յն գրողը, որը չի՛ գրում երեխաների համար։ Երեխայի համար գրելը լուրջ եւ բարդ գործ է։ Մանկական գրքերում անհնար է կեղծել։ Երեխան անմիջապես կզգա։

Կարծում եմ, որ լավ մանկագրի մոտ գրելը ստացվում է բնական ձեւով, ինքնահոս գրչի պես։ Եվ դա չի նշանակում, թե մանկագիրը մանկամիտ է։ Ընդհակառակն, այն, ինչ գրվել է երեխաների համար, հոգեբանորեն մտածված է եւ կշռադատված հեղինակների մեծ մասի կողմից։

Երեխայի համար գրելու առաջին գործոնը անկեղծությունն է, երկրորդը՝ երեխաներին սիրելը, եւ երրորդը՝ հեղինակի շնորհալիությունը։

- Ինչո՞վ է առանձնանում «Կախարդական կոճակները» Ձեր մյուս գրքերից:

- «Կախարդական կոճակներ» գիրքը 6-12 տարեկան երեխաների համար է եւ ավելի ծավալուն է։ Հերոսը աղջիկ է՝ Սադափ Դարզին։ Սադափը գտնում է չորս պստլիկ ընկերների՝ պրոֆեսոր Գասպարին, Վաշիվոշին, Պուտպուտիկին եւ Չալպուտիկին։ Նրանք ընկերակցում են աղջկան արկածների ժամանակ։ Բոլորս գիտենք, որ շատ երեխաներ, հատկապես միայնակ երեխաները, ստեղծում են երեւակայական մարդուկներ, որոնք օգնում են հաղթահարելու պատնեշներ ու դժվարություններ։ «Կախարդական կոճակներ»-ում պստլիկ մարդուկները ուրախություն եւ աշխուժություն են մտցնում պատմության մեջ։

Գիրքը մատչելի է ավելի փոքրերի կամ ավելի մեծերի համար։ Պարզվում է՝ փոքրիկները հաճույքով լսում են, երբ իրենց համար կարդում են։

Իմ ամեն գիրք պատգամ ունի։ «Կախարդական կոճակներ»-ում Սադափի միջոցով երեխաները սովորում են գնահատել աշխարհի ամենակարեւոր արժեքները՝ առողջությունը, ընտանիքը եւ ընկերությունը։

- Հերոսուհին նախատիպ ունի՞:

- Նախատիպ չունի, նա իմ երեւակայության արդյունքն է։ Սակայն Սադափի իմաստությունը եւ կամքի ուժը հիմա տեսնում եմ իմ թոռնիկ Սավաննայի մեջ։

- Գրքում փոքրիկ հերոսուհին գտնում է կախարդական հնարք՝ ազատելու մարդկանց կապույտ հազից: Այս օրերին աշխարհն իրար է խառնել Covid- 19-ը, եւ կարծես, մենք քիչ ենք խոսում այն մասին, թե ինչ են զգում երեխաները, ինչպես են ընկալում վտանգը, զգուշությունը, մեկուսացումը, իրավիճակից դուրս գալու ելքը: Ձեր գրքում էլ տեսնում ենք, ինչպես է Սադափ Դարզին զգում այն, ինչ մեծերը փորձում են թաքցնել նրանից՝ անհանգստություն, վտանգ:

- Այո, ճիշտ եք, գրքում կապույտ գույնի կախարդական փոշու պատճառով ամենուր այսպես կոչված «կապույտ հիվանդություն» է տարածվում։ Նույնիսկ Սադափի պապիկն է հիվանդանում, կապույտ գույն ստանում եւ անշնչանում։ Սակայն Սադափը, լինելով քաջ մի աղջիկ, որոշում է փրկել պապիկին, նաեւ ամբողջ աշխարհը կապույտ հիվանդությունից։

Դուք համեմատում եք կապույտ հիվանդությունը Covid 19-ի հետ։ Գիտե՞ք, ամեն երեխա կախարդության մասին է երազում։ Դժբախտաբար, իրական կյանքում կախարդություն չկա, բայց երեխաները սիրում են երազել։ Լինելով լավատես եւ կորովի՝ երեխաները Հայաստանում հաճախ հոգեպես ավելի դիմացկուն են, քան մեծահասակները։ Կախարդություն չի լինելու, բայց վստահ եմ, որ Covid 19-ի օրերը մեր երեխաներից շատերի համար վատ երազի պես կանցնեն, կգնան։ Ցավոք, երեխաներից շատերի մեջ էլ կմնան տխուր հիշողություններ։

- «Սադափը զգաց, որ տատիկը մտահոգ է, բայց նա վաղուց գիտեր, որ տատիկը երբեմն իզուր է մտահոգվում»: Ինձ թվում է մեր շատ հարցերի պատասխան կարելի է գտնել այս տողերում: Զուր ենք մտահոգվում երբեմն...

- Մենք՝ մեծերս, զուր չենք մտահոգվում։ Պե՛տք է մտահոգվել, բայց չափավոր։ Անհանգստությունը պետքական է, որպեսզի պատրաստվենք վտանգների, բայց այն պետք է լինի չափավոր եւ չվերածվի ընկճվածության կամ ագրեսիայի։ Մտահոգությունը լավ կլինի վերածել օգտակար գործողությունների եւ դարձնել լավ նպատակների համար պայքարելու դրդապատճառ։

- Սադափը իր կարեւոր գործը ընդմիջում է՝ օգնության հասնելով անտառում հանդիպած աղջկան: Կարելի է ասել՝ բարությունը, անձնազոհությունը փրկում է աշխարհը: Դա այն է, ինչ պակասու՞մ է մեզ այսօր:

- Այո։ Եթե մարդիկ իրար օգնեն, աշխարհն ապրելու համար ավելի լավ տեղ կլինի։ Ագահություն, եսակենտրոնություն, իրապաշտություն, նախանձ՝ սրանք մարդկային այն հատկություններն են, որոնցից պետք է աշխատենք զերծ պահել մեր մանուկ սերնդին։

- Ինչու՞ Սադափ:

- Սադափն այն գեղեցիկ, անարատ, սպիտակ նյութն է խեցիների մեջ, որտեղ աճում է մարգարիտը։ Այս անունը խորհրդանշում է իմ փոքրիկ հերոսուհու գեղեցիկ բնավորությունը եւ մաքրությունը։ Բացի այդ, այս անունը տարածված չէ հայերի մեջ, եւ ես, գիրքը սկսելիս, փնտրում էի մի անուն, որը տարածված չէր։ Իսկ Սադափի Դարզի ազգանունը վերցրել եմ մեր բարեկամ լորդ Արա Դարզիից։ Նա տեղյակ է եւ նույնիսկ շատ գոհ է։

- Տանը կարգ ու կանոն է տիրում, Սադափն ինքն էլ ամեն ինչ դնում է իր տեղում: Քաղաքի անունն էլ Մաքուր է: Նաեւ բնությա՞ն շնորհիվ:

- Գրքում նկարագրված կարգ ու կանոնն ու մաքրասիրությունը ունեն երեխային կրթելու նպատակ։ Իմ ստեղծած տատիկը մաքրասեր է եւ կոկիկ։ Ամբողջ Մաքուր քաղաքը խնամված է եւ մաքուր։ Տատիկ-պապիկի տանը ամեն իր ունի իր տեղը։

Չե՞ք նկատել, որ երեխաներն ավելի արագ են կրթվում, երբ իրենց աչքով տեսնում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Ինձ պետք էր այս ամենը նկարագրել ոչ միայն որ Սադափը տեսներ, այլեւ ընթերցող երեխաները դա զգան։

- Սադափը ընկներ չունի Մաքուր քաղաքում եւ գնում է պարտեզ՝ զրուցում ծառերի, բույսերի, եւ միջատների հետ: Նրան թվում է, որ բոլոր ծառերը բնավորություն ունեն: Փորձ է արվում այս նկարագրությունների միջոցով երեխաների մեջ սերմանել սե՞ր բնության հանդեպ:

- Ճիշտ եք, գիրքն ունի որոշ դաստիարակչական նշանակություն բնության հանդեպ։ Եվ ո՛չ միայն։ Ունի նաեւ զվարճալի կամ կոնֆլիկտային հարաբերություններ, պահեր ու դրվագներ՝ մանուկ ընթերցողին գրավելու համար։

Գրքում փորձել եմ նաեւ երեխաներին սովորեցնել նկատել գեղեցկությունն իրենց շուրջը եւ բնության մեջ, լինի դա փոքրիկ զատիկ, թե հսկա ծառ։ Սադափի համար բնությունը ապրում է եւ խնամքի կարիք ունի։ Սադափը գրկում է ծառերը եւ զրուցում նրանց հետ։ Իսկ դուք փորձե՞լ եք նույնը անել։ Դա մի տարօրինակ զգացում է, որ մարդուն կապում է բնության հետ։

Եթե մենք մեր երեխաներին փոքր տարիքից սեր ներշնչենք բնության հանդեպ, երեւի մեր մոլորակի վրա վերացման վտանգի առջեւ կանգնած շատ տեսակներ դեռ կարող ենք պահպանել։

- Ընտանիքը ամենակարեւորն է այս պատմության մեջ՝ պապիկը, տատիկը, մայրիկը, նաեւ փոքրիկի մտքերում միշտ ներկա հայրիկը:

- Իհարկե։ Ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Մանուկ տարիքից լավ կլինի երեխաներին ներշնչել սեր ընտանիքի հանդեպ, սեր քույրերի եւ եղբայրների հանդեպ, գնահատանք տատիկ-պապիկի հանդեպ, հարգանք հայրիկի եւ մայրիկի խրատների ու կյանքի փորձի հանդեպ։ Իմ փոքրիկ հերոսուհու համար իր ընտանիքը շատ կարեւոր է։

- Վաշիվոշը ընկերներ չուներ, ու պարզվում է՝ հենց ընկերության, սիրո պակասն է մարդուն չարացնում: Բայց որքան էլ որ գրքի վերջաբանը լուսավոր էր, միեւնույն է, սեւ կետ-ից չխուսափեց այս պատմությունը: Գուցե որովհետեւ դեռ մանկուց պետք է ճանաչե՞լ աշխարհը, հասկանալ, որ անխուսափելի են սեւ խոռոչները:

- Այժմ աշխատում եմ «Կախարդական կոճակներ»-ի երկրորդ գրքի վրա, որտեղ Վաշիվոշը՝ վիպակի չար կերպարը, կշարունակի իր չարությունը եւ թշնամությունն ամբողջ աշխարհի եւ մարդկության դեմ։ Իսկ Սադափն իր բարեկամների եւ կախարդ-կախարդուհիների հետ կփորձի ո՛չ թե վերացնել Վաշիվոշին, այլ՝ փոխել նրան։ Տեսնենք՝ թե դա ինչպես կհաջողվի նրան։

- Մանկական գրականությունն ամենասպառվողն է Հայաստանում, առհասարակ` ամբողջ աշխարհում: Երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործում կոնկրետ այս վիպակը ի՞նչ կարող է տալ փոքրիկ ընթերցողին:

- Ճիշտն ասած՝ ես չեմ գրում, որ մտածված ձեւով ինչ-որ բան տամ ընթերցողին։ Գրում եմ անկեղծ եւ ի սրտե։ Իմ ընթերցողն ինձ գտնում է եւ կապվում ինձ հետ։ Սակայն կարող եմ ասել, որ «Կախարդական կոճակներ» վիպակը հստակորեն սովորեցնում է երեխաներին, թե որոնք են կյանքի դրական արժեքները։

- Գիրքը թարգմանվել կամ թարգմանվելո՞ւ է, ներկայացվելո՞ւ է դրսի ընթերցողին:

- «Կախարդական կոճակներ»-ը առաջին անգամ հրատարակվել է Երեւանում 2005 թվականին, իսկ 2015-ին հրատարակվել է Լոնդոնում՝ անգլերեն։ Գիրքը հրատարակվել է նաեւ ուզբեկերեն՝ Տաշքենդում, եւ 2017-ին արեւմտահայերեն՝ սփյուռքի երեխաների համար։ Թարգմանված է նաեւ ռուսերեն։

- Գրքի նկարազարդման, տառատեսակների, առհասարակ, «Զանգակ» հրատարակչության հետ համագործակցության մասին ի՞նչ կասեք:

- «Զանգակ» գրատունը Երեւանում իմ ամենասիրած տեղերից է։ Բարեկամական եւ հարմարավետ մթնոլորտում ընտրիր քո սիրած գրքերը... ուրիշ ի՞նչ է հարկավոր գրքասերին։

Որպես հրատարակիչ՝ «Զանգակ» -ը բացառիկ է, քանի որ այնտեղ գիտեն լսել, ունեն բարձր ճաշակ, շատ լավ ծանոթ են հայ եւ համաշխարհային գրականությանը եւ գիտեն, թե ինչ են ուզում, այսինքն՝ նպատակասլաց են եւ աշխատասեր։

Այժմ ես մեծ հետաքրքրությամբ եւ հաճույքով «Զանգակ» -ի հրատարակչական թիմի հետ աշխատում եմ մեր համատեղ չորրորդ մանկական գրքի վրա, որը կկոչվի «Մրջնակերներ»։ Գրքի նկարազարդումները ես եմ արել, որ նշանակում է՝ կրկնակի պատասխանատու եմ զգում գրքի համար։ Տառատեսակի, էջադրման եւ դիզայնի համար չեմ անհանգստանում՝ «Զանգակ» -ն իմ կողքին է։

- Ո՞վ է Ձեր առաջին ընթերցողը:

- Կարո՞ղ եք գուշակել։ Իհարկե, իմ ամուսինը՝ Արմեն Սարգսյանը։ Նա առաջինն է, որ կարդացել է իմ բոլոր գրքերի ձեռագրերը եւ միշտ եղել է ինձ ոգեշնչողն ու ոգեւորողը։
 

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

← Վերադառնալ