Օրագիր
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր հյուրընկալվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում: Երևանի թիվ 15 միջնակարգ դպրոցի և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի քառամյա մանկական դպրոցի բազաների վրա ստեղծված կրթահամալիրը համակարգված գեղարվեստական ուսուցում է իրականացնում:
Տնօրեն Գոհար Սանոյանի ուղեկցությամբ տիկին Սարգսյանը շրջայց է կատարել կրթահամալիրում, շփվել ուսուցիչների ու աշակերտների հետ, ծանոթացել պայմաններին և երեխաների ինտելեկտուալ զարգացումն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումներին:
Գոհար Սանոյանը, ներկայացնելով դպրոցի սաների աշխատանքները, տեղեկացրել է, որ կերպարվեստ, դիզայն, քանդակ, համակարգչային դիզայն առարկաների պարապմունքները իրականացվում են արվեստանոցային պայմաններում և պարբերաբար կազմակերպում են ցուցահանդեսներ ու թատրոնի օրեր:
Տիկին Սարգսյանը դպրոցի գրադարանին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերից, աշակերտներին և աշխատակազմին մաղթել հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: