Օրագիր
Հորինեք հեքիաթներ և հրապարակեք դրանք. Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը փոքրիկներին է ներկայացրել իր և թոռնուհու հեղինակած գիրքը
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։
Նունե Սարգսյանը պատմել է հեքիաթի ստեղծման մասին, հատվածներ կարդացել գրքից եւ պատասխանել հետաքրքրասեր փոքրիկների հարցերին: «Երբ Սավաննան երեք տարեկան էր, ինձ խնդրեց հեքիաթ պատմել, և մենք սկսեցինք հեքիաթներ հորինել։ Երբ հորինում էինք, չէինք մտածում, որ մի օր գիրք կգրենք »,-պատմել է տիկին Սարգսյանը և ավելացրել. -Մի օր Սավաննային առաջարկեցի մեր պատմությունները գիրք դարձնել։ Ես նրան համոզեցի նաև, որ գրքի նկարներն ինքն անի։ Կենդանիներին ես ընտրեցի, իսկ անունները՝ Սավաննան»։
«Դուք էլ հորինեք հեքիաթներ և հրապարակեք դրանք»,-խոսքն ուղղելով փոքրիկներին՝ ասել է Նունե Սարգսյանը, իսկ ծնողներին խորհուրդ է տվել վաղ հասակից բացահայտել երեխաների տաղանդը։ «Քաջալերեք, որ մեր երեխաները չմոռանան արվեստը»,-նշել է նա։
Ոգևորված փոքրիկները տիկին Սարգսյանին պատմել են, թե իրենք ինչի մասին կցանկանային հեքիաթ գրել։ Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ Սավաննայի հետ սկսել են աշխատել երկրորդ գրքի վրա, սակայն դեռևս չի բացահայտել հեքիաթի բովանդակությունը։
«Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր Ալվարդ Ջիվանյանը նշել է, որ տպավորված է Նունե Սարգսյանի և Սավաննայի գրքով, քանի որ նրանք կարողացել են «խնամքով ներկայացնել երեխաների չարաճճիությունները»։ «Բոլորիս երեխաները պատերին նկարում են, բայց բոլորս չէ, որ դա նկատում ենք: Տիկին Սարգսյանը դա նկատել և բացառիկ խնամքով ամրագրել է»,-ասել է «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչը և հույս հայտնել, որ տիկին Նունե Սարգսյանի հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի։