11
10, 2019

«Մանկական գործերի թարգմանիչները պետք է հասկանան երեխաների լեզուն և նրանց հասցնեն իրենց պատգամը». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին:

Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրությանը նվիրված գիտաժողովի բացման ելույթում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով: Պատահական չէ, որ մեր երկրում հայերենով պահպանվել են ինքնատիպ թարգմանություններ հին հունարենից, եբրայերենից, ասորերենից և այլ լեզուներից: «Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն: Հենց այդ առաքելությունն է, որ կատարում են մանկական գործերի թարգմանիչները: Նրանք պետք է հասկանան երեխաների լեզուն, որպեսզի նրանց հասցնեն իրենց պատգամը: Մանուկները մեր ապագան են, և մենք պետք է նրանց համար աշխատենք ոչ միայն ստեղծելով բարեկեցիկ կյանք, այլև տալով նրանց ճիշտ թարգմանված գրականություն»,- նշել է Նունե Սարգսյանը: Նա ընդգծել է, որ որպես մանկագիր՝ իր ստեղծագործությունների միջոցով ևս փորձում է տարբեր խրատներ ու պատգամներ փոխանցել փոքրիկներին:

Խոսելով Հովհաննես Թումանյանի գրական գործունեության, մասնավորապես, երեխաների համար գրված ստեղծագործությունների մասին՝ Նունե Սարգսյանը նշել է, որ մեծանուն բանաստեղծն ունեցել է փոքրիկներին հասկանալու յուրօրինակ տաղանդ: «Նա և՛ փոխադրել է հեքիաթներ, և՛ հորինել: Նրա մանկական գրքերը նույնքան մատչելի են նաև մեծերի համար: Հենց դա է Թումանյանի տաղանդը: Նա գրել է մանկական գրականություն, որը նաև լիարժեքորեն բավարարում է մեծահասակներին»,- ասել է Հանրապետության նախագահի տիկինը:

Գիտաժողովի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել նաև զեկույցով:

 

← Վերադառնալ