04
10, 2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Սերբիայի կրթական, մշակութային և հոգևոր հաստատություններ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում այցելել է Սերբիայի կրթական և մշակութային հաստատություններ, ծանոթացել բարեկամ երկրի մշակութային ժառանգությանը:

Նունե Սարգսյանը հյուրընկալվել է «Իվան Գորան Կովաչիչ» տարրական դպրոցում, Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի և դպրոցի տնօրեն Միոմիր Դրագաշի ուղեկցությամբ շրջել կրթական հաստատությունում, զրուցել աշակերտների հետ, ներկայացրել իր հեղինակած հեքիաթները, պատմել, որ դրանցից մեկի համահեղինակն իր թոռնուհին է և խրախուսել է աշակերտներին՝ համարձակ լինել ու անպայման փորձել ուժերը իրենց նախընտրած ուղղություններում: Տիկին Սարգսյանն իր հեքիաթների գրքերից նվիրել է աշակերտներին և դպրոցի գրադարանին:

 ***

Տիկին Նունե Սարգսյանը այցելել է նաև Բելգրադի էթնոգրաֆիկ թանգարան, որը համարվում է Բալկանների ամենահին թանգարանը: Թանգարանը հիմնադրվել է 1901 թվականին, իսկ առաջին մշտական ցուցահանդեսը բացվել է 1904-ին: Տնօրեն Տիյանա Չոլակ-Անտիչ Պոպովիչը տիկին Սարգսյանին ծանոթացրել է թանգարանի ցուցանմուշներին: Թանգարանում ներկայացված են ազգային տարազներ, գորգեր, գեղանկարներ և այլ իրեր ու առարկաներ, արվեստի գործեր: Այստեղ է գտնվում նաև Բալկանների ամենահարուստ մասնագիտացված գրադարաններից մեկը:

 ***

Տիկին Նունե Սարգսյանը այցելել է նաև 19-րդ դարի Սուրբ Սավայի տաճար, որը համարվում է մեծագույնն ուղղափառ աշխարհում և աշխարհի ամենամեծ համանման կառույցների տասնյակում է:

 

← Վերադառնալ