23
09, 2019

Նունե Սարգսյանը ծանոթացել է Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն այսօր դիտել է Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցադրություններ:

Ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ուղեկցությամբ տիկին Նունե Սարգսյանը նախ դիտել է նախագահական նստավայրի հարակից տարածքում բացված` «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Հարրի Կունդաքչյանի և այլոց գործերը:

Այնուհետև տիկին Սարգսյանը եղել է Երևանի Մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» կայարաններում, ծանոթացել նշված կայարաններում ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին:

«Մարշալ Բաղրամյան» կայարանում ցուցադրված են բելառուսական ազգային տոներն ու ծեսերը ներկայացնող՝ բելառուսական «Բելտա» գործակալության լուսանկարները: «Բելտա»-ի գործընկեր՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրել է ցուցադրված գործերը՝ տեղեկացնելով, որ «Արմենպրես»-ի լուսանկարներն էլ ներկայումս ցուցադրվում են Բելառուսում:

Ֆոտոփառատոնի մեկ այլ հարթակում՝ «Երիտասարդական» կայարանում տիկին Սարգսյանին դիմավորել է ճանաչված լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը և ծանոթացրել մարզական կյանքը ներկայացնող իր լուսանկարներին:

Տիկին Սարգսյանը շրջայցն ավարտել է Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում, որտեղ ցուցադրված են ֆոտոփառատոնի երեք մրցանակակիր աշխատանքները՝ Հնդկաստանից, Հայաստանից և Իրանից, ինչպես նաև տարբեր երկրներից փառատոնին մասնակցած լուսանկարիչների գործերը:

Ամփոփելով այցը՝ տիկին Սարգսյանը նշել է, որ տպավորված է ցուցադրություններով: «Եթե նախկինում լուսանկարչությունը համարվում էր արհեստ, ապա այն այսօր այլևս արվեստ է, արվեստի ձևերից մեկը: Արվեստաբանները երբեմն նույնիսկ արվեստի ապագան տեսնում են լուսանկարչության մեջ: Լավ կլինի, որ ապագայում նոր ցուցահանդեսներ ևս կազմակերպվեն կայարաններում: Դա հիանալի էսթետիկական կրթություն է երեխաների, դպրոցակաների և գեղագիտական հաճույք՝ մեծահասակների համար»,-նշել է նա:

 

 

← Վերադառնալ