02
04, 2019

Տիկին Նունե Սարգսյանն աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է «Լուսէ» և «Իմ ուղին» կենտրոններ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Լուսէ» և «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոններ: 

Նունե Սարգսյանը նախ եղել է «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» կենտրոնում, որտեղ նրան է ներկայացվել կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը: Նա շփվել է հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ, ընդգծել այս երեխաների նկատմամբ հասարակության ներսում առկա կարծրատիպերը փոխելու անհրաժեշտությունը:

«Երբ խորհրդային տարիներին հաշմանդամություն ունեցող մարդիկ էինք տեսնում, ապշած նայում էինք, որովհետև նրանք տարբեր էին, և նրանց ընտանիքները թաքցնում էին: Բայց հիմա դա փոխվել է: Իմ թոռնիկները, երբ տեսնում են հաշմանդամություն ունեցող երեխա, անմիջապես վազում են, փորձում են օգնել, որովհետև նրանց աչքը սովոր է, նրանց դաստիարակությունը ուրիշ է, և հաշմանդամություն ունեցողներին այլևս չեն թաքցնում: Սա նշանակում է, որ մենք հասկացել ենք, որ այդ մարդիկ հասարակության մի մասն են»,- նշել է Նունե Սարգսյանը:

Հանրապետության նախագահի տիկինն այնուհետև այցելել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն, որն այսօր ունի աուտիզմի ախտորոշում ունեցող 182 սան: Նունե Սարգսյանը շրջել է կենտրոնի տարածքով, ծանոթացել պայմաններին, խոսել երեխաների, նրանց ծնողների ու դաստիարակների հետ: Բարձր գնահատելով կենտրոնի գործունեությունը՝ նա ընդգծել է, որ նմանօրինակ կենտրոնները մշտապես ունեն թե՛ անհատների, թե՛ բարեգործական հիմնարկների, թե՛ պետության աջակցության կարիքը:

«Այն մարդիկ, ովքեր աուտիզմ չունեն, պետք է նույն լեզվով խոսեն աուտիզմ ունեցող անձանց հետ: Մի պահանջեք նրանցից դառնալ մյուսների նման, նրանք ուրիշ են, այլ կերպ են տեսնում մեզ, աշխարհը, իրենք իրենց: Ուստի պետք է փորձենք հասկանալ իրենց: Աուտիզմ ունեցող երեխաները գրեթե բոլորը տաղանդ, ինչ-որ ձիրք ունեն: Այս կենտրոնի կարևոր դերերից մեկն այն է, որ փորձում են երեխաների և անձանց մեջ թաքնված տաղանդը, ինչը շատ դժվար բան է, բացահայտել: Թերապևտները և դաստիարակները պետք է հատուկ ձիրք ունենան, որպեսզի կարողանան դուրս բերել այդ տաղանդը»,-ասել է Նունե Սարգսյանը: Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնին նվիրված ու բարի գործի համար՝ նշելով, որ պատրաստ է մշտապես աջակցել նրանց:

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 2008 թվականից ապրիլի 2-ը հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։

← Վերադառնալ