24
01, 2019

Տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի տնակ»

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադրած «Բարի տնակ»:

Տիկին Սարգսյանը կազմակերպության հիմնադիր-նախագահ Մարինե Ադուլյանի ուղեկցությամբ շրջել է շենքում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին և առաջիկա ծրագրերին: «Բարի մամա» բարեգործական կազմակերպության նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը:

Շրջայցի ավարտին տիկին Նունե Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադիրների և աշխատակիցների հետ, հանձնել «Բարի տնակ» նախագծի իրագործման համար Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանգանակած նվիրատվությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, նշել է, որ «Բարի տնակ»-ը, «Բարի մամա»-ն համեստորեն, սուս ու փուս արել են իրենց գործը:,-«Ինձ համար հայտնագործություն էր,- ասել է տիկին Սարգսյանը: -Առաջին անգամ մտնելով այս, իսկապես բարի տեսքով տնակը, շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ»: Հանրապետության նախագահի տիկինը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Բարի տնակ»-ի շահառու երեխաները իրենց զգան հասարակության անբաժանելի մասը: «Կարևոր է այսպիսի անձանց և երեխաներին կրթություն տալ, նրանց արհեստ, արվեստ սովորեցնել: Դրանով նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ, մենակ չզգալ: Երկրորդը. մենք մեր քաղաքում և, առհասարակ, մեր երկրում պետք է հարմարություններ ստեղծենք այսպիսի անձանց շարժման»,-ասել է հանրապետության նախագահի տիկինը:

 

 

← Վերադառնալ