24
03, 2017

Հայտարարություն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի անցկացման մասին

Հայաստանի Հանրապետության Նախագահը կարգադրություն է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Կարգադրության համաձայն, որոշվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

նախագահ` Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ,

քարտուղար` Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ,

անդամներ`

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ,

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի
գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ,

Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ:

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

2. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները,
բ) օտարերկրյա քաղաքացիները,
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները,
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է ) 2 լուսանկար` 3x4 չափի:

Փաստաթղթերը մրցութային հանձնաժողով ներկայացվում են ամեն օր՝ 06.04.2017թ. ներառյալ (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի օրերի), ժամը 9:00-17:30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. +374-10-52-23-64): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:

Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:

Մրցութային հանձնաժողով

Վերջնաժամկետ` 06.04.2017

← Վերադառնալ