16
04, 2013

Հայտարարություն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման մասին

 


Հայաստանի Հանրապետության Նախագահը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին:

Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

նախագահ` Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆ, ՀՀ Նախագահի օգնական

քարտուղար` Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

անդամներ`
Արմեն ԱՄԻՐՅԱՆ` Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն
Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ` «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

1. Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին:

2. Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`

1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
2) հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.
3) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, ներառյալ` Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները.
4) այն անձինք, ովքեր դատապարտվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները և պետական ծառայողները:
3. Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների:
4. Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը և անդամները չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական և ստեղծագործական գործունեության:
Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամները չեն կարող լինել որևէ հեռուստառադիոընկերության հիմնադիր և (կամ) փայատեր (բաժնետեր, մասնակից) և (կամ) նրանց փոխկապակցված անձ:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է ) 2 լուսանկար` 3x4 չափի:

Փաստաթղթերը մրցութային հանձնաժողով ներկայացվում են մինչև 26.04.2013թ. ներառյալ, ամեն օր (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի) ժամը 09.30-12.30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. 522364): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:


Մրցութային հանձնաժողով

_________________________________________


 

Վերջնաժամկետ` 26.04.2013

← Վերադառնալ