President

Վահագն Գառնիկի Խաչատուրյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 22-ին Սիսիանում: 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը:

1976-1980 թվականներին սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

1980-1982 թվականներին ծառայել է Սովետական բանակում:

1982 թվականից աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ:

1989-ից մինչև 1992 թվականը աշխատել է «Մարս» գործարանում՝ սկզբում որպես բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր տնօրենի տեղակալ:

1988 թվականից Ղարաբաղյան շարժման սկզբից ակտիվորեն զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ:

1990-1995 թվականներին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր,

1992 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1996 թվականի փետրվարի 19-ը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։

1995 թվականին ընտրվել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1996-1998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական:

2000 թվականին եղել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»-ի հիմնադիր անդամ:

2006 թվականին եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2013 թ.-ից մինչև 2022 թվականի փետրվար եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, Տնտեսական հանձնախմբի ղեկավար։

2019-2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի ազատ անդամ։

2020 թվականից տնտեսագիտության թեկնածու է:

2021 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

2022թ մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ:

Գիտական, մասնագիտական հոդվածների, տնտեսագիտական, քաղաքագիտական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 զավակ և 2 թոռ: