Հանրապետության նախագահի լիազորություններ
Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով: