10
07, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաև նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի բոլոր քաղաքացիներին նախ և առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»:

Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլև մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման և զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:

***

 

«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում կորոնավիրուսի համավարակը դեռևս բարձր մակարդակի վրա է, և հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի պահպանեք առողջության բոլոր հնարավոր պաշտպանական նախապայմանները»,- այսօր Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում դիմելով արցախցիներին՝ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ է այցելում Արցախ. «Հանդիպել եմ Արցախի Հանրապետության նոր ղեկավարներին Երևանում, սակայն այսօր այստեղ եմ՝ շնորհավորելու նորընտիր նախագահին և, միաժամանակ, արցախահայությանն, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ շատ բարձր մակարդակով անցկացրած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առթիվ, նաև նրանց, ովքեր, մասնակցելով ընտրություններին, չեն հաղթել, սակայն մասնակցությամբ նույնպես ցույց են տվել, որ Արցախը ժողովրդավարական և ազատ երկիր է և կարող է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնել»:

Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում ունեցած հանդիպումները շատ օգտակար է համարել՝ նշելով, որ քննարկումների առանցքում միասնականության գաղափարն էր: «Արցախն ընտրություններից հետո միասնականության օրինակ է ցույց տալիս այն առումով, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են նույն կառավարության մեջ և ծառայելու են իրենց հայրենիքին, մեր հայրենիքին՝ Արցախի Հանրապետությանը,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: -Խոսեցինք նաև զարգացման տարբեր ուղղությունների մասին: Կարծում եմ՝ Արցախն ապագայի համար մեկ ընտրություն ունի, և այդ ընտրությունը հզոր պետություն լինելն ու մնալն է: Արցախի հիմնահարցն ուրիշ լուծում չունի, բացի հզոր Արցախից, և հզոր Արցախն, ունի չորս հիմնական սյուներ:

Առաջինն արցախահայության հայրենասիրությունն ու կամքն է, որն իր հետևից տանում է նաև ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայրենասիրությունը և նվիրումն Արցախին ու Արցախի արդար դատին:

Երկրորդ սյունը, կարծում եմ, բանակն է: Արցախն ունեցել է և այսօր էլ ունի հաղթական բանակ, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ բանակը մնա հիմնական սյուներից մեկը:

Երրորդ սյունն Արցախի տնտեսությունն է. հզոր Արցախը պետք է հզոր տնտեսություն ունենա, և այդ տնտեսության առանցքը գյուղատնտեսությունն է: Այս մասին մանրամասն ու գործնական քննարկում ունեցանք Արցախի նախագահի հետ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահը և իր գործընկերները կարող են օգտակար լինել և օգնել Արցախին, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը:

Չորրորդ սյունը ժողովրդագրությունն է: Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, հետևաբար՝ ավելի մեծ բանակ»:

Նախագահ Սարգսյանն Արցախ այցը շատ արդյունավետ է համարել՝ նշելով. «Ուզում եմ վստահ լինեք, որ և՛ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետը, և՛ կառավարությունը, բոլորս Արցախի կողքին ենք, և ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը շարունակի զարգանալ որպես ազատ, ժողովրդավար, հզոր երկիր»:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ քանիցս շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կրկին կարևորել է ժողովրդագրական խնդիրը՝ ասելով, որ Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։ Որպես գործնական քայլ՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։

***

 

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանական համալիր։ Նախագահը շրջել է միջնադարյան վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։

← Վերադառնալ