08
12, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Այնուհետև ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների նախագահներին է ներկայացրել վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր: 

 

***

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:

Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: Հայաստանի Հանրապետության Նախագահը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր:

Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:

 

***

Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ:

Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները:

Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները:

← Վերադառնալ