19
11, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել է բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում Նախագահը մասնակցել է նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը:

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:

 

***

Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: Զորավարժությունների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին:

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մասնակցել է ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին:

 

***


ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչող մի շարք հարցեր:

Հանրապետության Նախագահը մասնակցել է նաև ԼՂՀ մայրաքաղաքում սպաների համար սպայական ավանում կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի, ինչպես նաև զորամասերից մեկի զինանձնակազմի համար կառուցված ճաշարանի բացման արարողություններին:

ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ:

Սերժ Սարգսյանը նույն օրը Գանձասարում ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը:

Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ:
Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը։ Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել է 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարանը:
Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։
 

← Վերադառնալ