12
11, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայկական երկու հանրապետությունների միջև առկա փոխգործակցության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հրամանատարական կազմի հետ միասին եղել է հանրապետության հյուսիսային հատվածի ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության տակ գտնվող առաջնագծում:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին, որից հետո ներկա է գտնվել բանակային բնագծի հյուսիս-արևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավվմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարման տարրերը: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի և սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին: Նախագահը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգևատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ:

Ցուցադրական պարապմունքից հետո, օրվա ավարտին ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում: Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:

Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին:

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:

ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները:

Մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 15-ի առավոտյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և ԼՂՀ վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցությանը և Արցախում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:


 

← Վերադառնալ