Արցախ
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:
Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաև Սուրբ Գևորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն:
ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի արտահանումը Հայաստանի Հանրապետություն՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ և շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարևոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաև ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը: ՀՀ և ԼՂՀ նախագահներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաև քարածխի հարստացման կոմբինատ:
Հանքավայրը շահագործող ընկերության ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հաջողություններ են մաղթել ընկերությանը հետագա աշխատանքներում:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը զինծառայողների առջև հանդես է եկել ելույթով: Նախագահը շնորհավորել է նրանց՝ հաջող զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ և գոհունակությամբ ընդգծել, որ այն, ինչ այսօր ցուցադրեցին հայկական բանակի մարտիկները, հպարտությամբ ու հրճվանքով է լցնում իր սիրտն ու հոգին և արժանի է գնահատանքի ու շնորհակալության: «Ես մտովի պատկերացնում եմ ձեր ծնողների, ձեր քույրերի ու եղբայրների, ձեր կանանց ու նաև ձեզ սպասող աղջիկների հպարտության աստիճանը: Դուք մարդիկ եք, ովքեր բարձր են պահում մեր Հայրենիքի պատիվը, իրենց ուսուցիչների պատիվը, ովքեր, միգուցե, առաջին հերթին բարձր են պահում իրենց ծնողների պատիվը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ զինվորների կամքն ու ոգին, վարպետությունը, մարտական մակարդակի աճն անձամբ իրեն պարտավորեցնում են, որպեսզի երբեք և որևէ պարագայում հայկական բանակը և մասնավորապես, պաշտպանության բանակը որևէ նյութական ռեսուրսի կարիք չունենա: «Ինչպես երեկ, ինչպես այսօր՝ վաղը ևս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետև այլ ճանապարհ մենք չունենք: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք: Բնականաբար, ունենալով դաշնակիցներ, բարեկամներ, բոլորդ պետք է իմանաք, որ օգնում են նրանց, ովքեր կարող են իրենց պատիվը պաշտպանել: Իմ սերունդը կատարել է իր պարտքը, երբ դրա անհրաժեշտությունը կար: Վստահ եմ, որ դուք մեզնից ավելի լավ եք դա անելու: Վստահ եմ, որովհետև դա տեսնում եմ: Տեսնում եմ, որ ձեր հրամանատարները ավելի գրագետ են, քան մենք էինք: Տեսնում եմ, դուք շատ ավելի պատրաստված եք, քան ժամանակին մեր զինվորներն էին: Դուք ձեր գործը փայլուն կատարեցիք այսօր: Տեսնում եմ զգալի աճ, ինչը շատ կարևոր է, և այն պետք է լինի շարունակական: Ես դրանում չեմ կասկածում: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր ապրած տարիներին ինքնադրսևորվելու: Եվ այդ ինքնադրսևորումը պետք է գնահատվի Հայրենիքի կողմից, պարզ մարդկանց կողմից, պետք է գնահատվի պաշտոնյաների կողմից: Ես վստահ եմ, որ ձեր առաջին և ամենամեծ գնահատողը ժողովուրդն է: Դուք ելել եք ժողովրդի ծոցից և ունեք այդ ժողովրդի և՛ շնորհակալության, և՛ գնահատանքի կարիքը: Այն, ինչ այսօր դուք ցուցադրեցիք, իրոք, արժանի է շնորհակալության: Դուք գնալով հզորանում եք, պաշտպանության բանակը ձեռք է բերում ոչ միայն փորձ, ոչ միայն ժամանակակից սպառազինություն, այլ նաև վերակառուցվում է: Եվ ես վստահ եմ, եթե Աստված մի արասցե, պահը գա, դուք անելու եք այն, ինչ ուղղակի պարտավոր եք անել: Դուք անելու եք այն, ինչի համար երդում եք տվել»,-ասել է ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանվել և այսուհետ էլ պաշտպանվելու են այնպես, ինչպես զինվորներն են այսօր կատարում իրենց գործը:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:
Երեկոյան ԼՂՀ պաշտպանության նախարարությունում երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցության, որտեղ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 24-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը և տարածաշրջանային գործընթացներին: