07
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 07-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը:

Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի զորահանդեսին՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։ Սեպտեմբերի 07-ի երեկոյան ՀՀ նախագահը մասնակցել է նաև այդ առիթով կազմակերպված համերգին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Շուշի քաղաքում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան, ծանոթացել այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որտեղ առաջիկայում կտեղափոխվեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մի շարք կազմակերպություններ:

 

 

← Վերադառնալ