03
01, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են բիովառելիքի արտադրության կազմակերպման գործընթացին:

Նախագահներն այցելել են նաև Շուշի-Կարմիր Շուկա բնակավայրերի խաչմերուկում գտնվող` կարծր վառելիքով գործող ջեռուցման կաթսաների պատրաստման արտադրամաս, ծանոթացել արտադրական գործընթացին:

***

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հունվարի 4-ին Արցախի «Ասպարեզ» ռազմաուսումնական կենտրոնում Նախագահ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ:

ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի բացման արարողությանը: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂ բանակի զինծառայողներ են և արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ:

Իվանյան համայնքում նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել հիմնանորոգված և ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած զինվորական հոսպիտալի բացման արարողությանը:

Օրվա ավարտին հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը:

***

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հունվարի 5-ին եղել են նաև Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց ներկայացրել են քարածխի արդյունահանման ուղղությամբ նախատեսվող և ընթացիկ աշխատանքները: Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են նաև 5.9 ՄգՎտ հզորությամբ «Թրղի-2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան:

← Վերադառնալ