Արցախ
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Նախագահ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Նախագահի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ ուղեւորվել է Շուշի: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել է եռատոնի առիթով մատուցված պատարագին:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ Շուշիում ԼՂՀ ՊԲ սպայական կազմի համար կառուցված շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
ՀՀ Նախագահը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի կայազորի Սպայի տանը կազմակերպված հանդիսավոր երեկոյին: