29
05, 2020

««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին

Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին:

Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է զոհերի պաշտպանության համար:

Հայաստանն շուրջ 20 տարի անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ այդ ընթացքում նաև բազմաթիվ կոնվենցիաների միջոցով ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այս կարևորագույն կազմակերպության և դրա 47 անդամ պետությունների համար ընդհանուր արժեքները՝ միաժամանակ, ներդաշնակորեն հավատարիմ մնալով իր ազգային արժեհամակարգին և պահպանելով այն:

Այդ արժեհամակարգում ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, և դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:

Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաև Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:

Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին: Առավել շահեկան կլիներ, իհարկե, եթե Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվեր հենց այդ խոստումներին համահունչ, նախապես մշակված հստակ, որոշակի և կանխատեսելի հայեցակարգ ներկայացնելով:

Հասարակության մտահոգությունները փարատելու և հենց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները լավագույնս կատարելու նպատակով է, որ իրավասու մարմինները պետք է մանրամասն և մասնագիտորեն ուսումնասիրեն ու վերլուծեն Կոնվենցիայի կիրառման միջոցներն ու հնարավոր հետևանքները, Հայաստանի առողջապահական, սոցիալական, իրավապահ համակարգերի կարողություններն ու հնարավորությունները և մշակեն Կոնվենցիայով նախատեսվող օրենսդրական և գործնական միջոցառումների իրականացման հստակ ծրագիր:

Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների և սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ և հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները մշակելիս խստորեն պետք է պահպանվեն երեխաների կրթության և դաստիարակության հարցում ընտանիքի/ծնողների առաջնային դերակատարման և պատասխանատվության սկզբունքը, պետական մարմինների, կրթական հաստատությունների կողմից նրանց հետ համագործակցելու և համաձայնեցված գործելու անվերապահ պայմանը:


Ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ պետք է իրականացվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված «վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում», և «..անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին»:

Հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի ստորագրման հարցում Հանրապետության նախագահի դիրքորոշումը շատ հստակ է՝ Կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու որոշման առկայության պայմաններում հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ Հանրապետության նախագահի ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:

Այս առումով Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորությունը, նշելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են, մեր երկրի ապագան, և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում արտահայտվում է մեր երկրի նկատմամբ մեր սերը, հարգանքը և հոգատարությունը:

Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա Կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը:

Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, այդ թվում նաև՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է:


Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:

Հանրապետության նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ և պատասխանատու կատարման գործընթացը և խստորեն հետևել դրան՝ ելնելով ընտանիքի և երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին:


 

← Retour à la liste d'actualité